Ստեփանակերտում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել AEGEE (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում) Ստեփանակերտի կոնտակտի շնորհանդեսը: AEGEE-ն Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկն է: 2011թ. դեկտեմբերից արցախցի ուսանողները բանակցություններ են սկսել AEGEE-ի հետ` անդամակցության համար: Կոնտակտի կարգավիճակն անդամակցության առաջին փուլն է, ստեփանակերտյան կառույցը մոտ ապագայում նախատեսում է դառնալ AEGEE մշտական անդամ` անտենա:
AEGEE ստեփանակերտյան կառույցը մշտական աջակցություն է ստացել AEGEE-Yerevan-ից, որը AEGEE ամենաակտիվ ու արդյունավետ անտենաներից մեկն է:
Կազմակերպության նախագահ Տիգրան Գրիգորյանը և խորհրդի անդամ Ալեքսանդր Բադալովը ներկայացրին AEGEE ընձեռնած հնարավորություններն արցախցի ուսանողների համար, մասնավորապես հարյուրավոր ամառային դպրոցների առկայությունը Եվրոպայի տարբեր քաղաքներում: Նրանք նաև ներկայացրին AEGEE-Europe-ի հետ բանակցությունների ընթացքը և կատարված փոխայցելությունների արդյունքները:
































