Ամերիկացի միլիարդատեր Ռոնալդ Փերելմանը դատական հայց է ներկայացրել իր վաղեմի ընկերոջ` Լարի Գագոսյանի դեմ: Խնդիրը վերաբերում է  ժամանակակից արվեստի նմուշի գնմանը. Փերելմանը Գագոսյանին մեղադրում է գների մանիպուլյացիայի մեջ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Գագոսյանն էլ պատասխան հայց է ներկայացրել Փերելմանի դեմ` մեղադրելով նրանում, որ վերջինս չի վճարել պատվիրված ստեղծագործության համար:

Հայցերը վերաբերում են մի քանի աշխատանքների, որոնք Փերելմանը Գագոսյանի արվեստանոցի միջոցով ձեռք է բերել 2012 թ-ին: Հիմնականում խոսքը Ջեֆ Կունսի չավարտված ստեղծագործության մասին  է,  որը Փերելմանը խոստացել էր հեղինակից գնել  4 մլն դոլարով` հինգ անգամ 800 հազ. դոլար վճարելով:

Իր հայցի մեջ Փերելմանը նշում է, որ Գագոսյանը օգտվելով իր նկատմամբ վստահությունից, միլարդատերին ներքաշել է գործարքի մեջ` չպատմելով Կունսի հետ իր պայմանավորվածության մասին, որը որոշակի սահմանափակում է  դնում ստեղծագործության վերավաճառքի վրա: Վերավաճառքի դեպքում նա հեղինակին պետք է փոխանցի նախապես վճարված գումարի, այսինքն` 4 միլիոնի  70 տոկոսը:

Ինչպես հաղորդում է The New York Daily News-ը, Փերելմանը հրաժարվել է ստեղծագործությունը գնելուց: Նրա  հայցից մի քանի ժամ անց պատկերասրահն է պատասխան հայց ներկայացրել: Ըստ հայցի, Փերելմանը նախապես պատվիրելով   12,6  մլն դոլար արժողությամբ քանդակ եւ 10,5 մլն արժողությամբ կտավ, դրանց դիմաց վճարել է 4,7 մլն  եւ  250 հազ. դոլար համպատասխանաբար: Պատկերասրահը պահանջում է վճարել  գնումների համար, ինչպես նաեւ փոխհատուցել հասցված վնասը:

Հայցերը կքննի Նյու Յորքի Գերագույն դատարանը: