Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում սկսվում են  «Կովկաս-2012»  ռազմավարական-մարտավարաջոկատային զորավարժությունները:

Զորավարժություններին կմասնակցեն 8 հազար մարդ, 200 ռազմական մեքենա, 100 թնդանոթներ եւ 10 ռազմանավ ու արագանավ: Բացի ՌԴ-ի զինված ուժերից, զորավարժություններին կմասնակցեն  Դաշնային պաշտպանության  օպերատիվ խմբերը, ՆԳՆ-ն, ԱԻՆ-ն եւ Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության խմբերը:

Զորավարժությունները կիրականացվեն «Կապուստին Յար», «Աշուլուկ», «Պրուդբոյ» եւ «Ռաեւսկոյե» զորավարժարաններում, ինչպես նաեւ Սեւ եւ Կասպից ծովերի ակվատորիաներում: Զորավարժությունները կընթանան երկու փուլով` սեպտեմբերի 17-23-ը, հայտնում է  «Միրը»:
Ինչպես հայտնում է  «Էխո Մոսկվի» ռադիոն, Կրասնոդարի երկրամասի զորավարժություններին կհետեւի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վրաստանում  «Կովկաս-2012» զորավարժությունները համարում են երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին ուժի ցուցադրում:

Ինչպես նշում է ռադիոկայանը, երկրի նախագահի ներկայությունը սովորական է, մինչ այդ նման զորավարժություններին այցելել էր Դմիտրի Մեդվեդեւը: Սակայն Թբիլիսին կարծում է, որ «Կովկաս-2012» զորավարժությունների անցկացումը Վրաստանից ոչ այնքան հեռու սովորական չէ:  Նման կասկածներ են հայտնել նաեւ ամերիկյան որոշ կոնգրեսականներ եւ սենատորներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը խնդրել է զորավարժություններն ավելի թափանցիկ դարձնել, սակայն մասնակիցների  քանակի քիչ լինելը թույլ է տալիս զորավարժություններին չհրավիրել արտասահմանյան դիտորդների, եւ Ռուսաստանը դա չի անում: Մոսկվան ընդգծում է, որ «Կովկաս-2012»-ի մասին հայտարարվել էր նախապես:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Կորչունովը հայտարարել է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ՌԴ-ի հարավում «Կովկաս-2012» զորավարժությունների վերաբերյալ  սպառիչ տեղեկություններ է տրամադրել, այդ պատճառով էլ արեւմտյան գործընկերների հայտարարությունները անհիմն են: 

ՌԴ-ի որոշ հարեւանների հետ լարվածությունը բացառելու նպատակով զորավարժություններին չեն մասնակցում Հայաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի ռազմական ստորաբաժանումները: «Կովկաս-2012» զորավարժությունները  կանցկացվեն ՌԴ-ի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: