Ռուսաստանի նախագահին կից ազգային քաղաքականությունը կգլխավորի ԱԴԾ-ի գեներալ, միջազգային հարաբերությունների մասնագետ Միխայիլ Բելոուսովը: Նա կնշանակվի Ներքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ:
Տեղի կունենա վերախմբավորում այդ ոլորտում, գրում է «Կոմերսանտը»:
Վերախմբավորման ընթացքում հոգեւոր կազմակերպությունների եւ ազգային քաղաքականության բաժինը կգլխավորի ԱԴԾ-ի գեներալ Միխայիլ Բելոուսովը: Նա պետք է ի թիվս այլ խնդիրների համակարգի հարաբերությունները ազգային սփյուռքների եւ համայնքների հետ, նրանց ներգրավի ներգաղթյալների հարմարվողականության աշխատանքներին:
90-ականներին Բելոուսովը զբաղվել է ներքին քաղաքականությամբ նախագահի աշխատակազմում, այնուհետեւ աշխատել է Անվտանգության խորհրդում եւ ԱԴԾ-ում:
Միխայիլ Բելոուսովը լավ գիտի Կովկասը եւ Ռուսաստանի Հարավը: Նա սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2004 թվականին Վոլգոգրադում` «Հյուսիսային Կովկասի էթնիկական վերնախավերը. Սոցիոլոգիական վերլուծության փորձը» թեմայով:
Աղբյուրները պնդում են, որ նոր կառույցի խնդիրներից մեկը պիտի դառնա հասարակական, մշակութային, հոգեւոր ինքնավար կազմակերպությունների, սփյուռքների, միավորումների հետ աշխատանքների համակարգումը: Բելոուսովը տեղ կզբաղեցնի նաեւ ազգային քաղաքականության նախագահական խորհրդում:
Խորհրդում ստեղծվում են նաեւ օպերատիվ ստորաբաժանումներ եւ խմբեր ազգամիջյան խնդիրները կանխելու, բանակցային գործընթաց հաստատելու նպատակով: Կրեմլում պաշտոնապես չեն մեկնաբանում կառուցվածքային փոփոխությունների տեղեկությունը:





























