Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ գլխավոր քարտուղարին, որում Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար:

Թուրքիայի կառավարությունը, որը երկար տարիներ հայտարարում էր ահաբեկչության դեմ պայքարի մասին, աջակցում է ահաբեկիչներին եւ նրանց առջեւ բացում Սիրիայի հետ սահմանները` սիրիական ժողովրդի դեմ ահաբեկչություն գործելու համար:

Դա միջազգային իրավունքի նորմերի ու բարիդրացիության կանոնների խախտում է եւ հակասում է ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարին, մասնավորապես ասված է, Սիրիայի ԱԳՆ-ի` ՄԱԿ-ին ուղղված ուղերձում, որը մեջբերում է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

«Այդ համատեքստում թուրքական կառավարությունը թույլ է տվել Սիրիա ներխուժել «Ալ Կաիդայի» հազարավոր մարդասպանների: Նա ընդունել է Սիրիայի թշնամի կազմակերպությունների,  նրանց գումար եւ զենք տրամադրել, ստեղծել է ահաբեկիչների համար ճամբարներ:

Վերջին ամիսներին համաշխարհային լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը Լիբիայից հարյուրավոր տոննա զենք է ստացել: Այն փոխանցվել է «Ալ Կաիդայի» գրոհայիններին եւ ջիհադականներին: Սիրիական իրավապահների կողմից թուրքական զենք է առգրավվել նաեւ ահաբեկիչներից եւ հանցախմբերից», - ասվում է ուղերձում:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Անվտանգության խորհրդին եւ դրա հատուկ հանձնաժողովներին կոչ է արել անմիջապես զբաղվել այդ վտանգավոր տեղեկության հետաքննությամբ, որն այլեւս գաղտնի չէ, քանի որ տպվել է համաշխարհային լրատվամիջոցների կողմից եւ հայտնի է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներում: Խոսքը  հիմնականում սեպտեմբերի 14-ին  «Սանդի թայմզ» թերթի հրապարակման մասին է:  
«Պետք է վերջ դնել այդ հանցագործություններին եւ պատժել դրանք գործողներին, նաեւ դրանք ֆինանսավորողներին, քանի որ նրանք սպառնալիք են սիրիական խաղաղ բնակիչների եւ տարածաշրջանում անվտանգության համար: Հետագա լռությունը նշանակում է ահաբեկչության աջակցում: ՍԱՀ-ի ԱԳՆ-ն  նախազգուշացնում է զերծ մնալ միջազգային ահաբեկչության հետագա աջակցումից, քանի որ «կախարդանքը կարող է կախարդի դեմ շրջվել», - ընդգծվում է սիրիական արտաքին քաղաքական գերատեսչության ուղերձներում: