28-ամյա շոտլանդուհին օրվա մեջ կարողանում է միայն  թեյ խմել եւ մեկ քաղցրաբլիթ ուտել:  Աղեստամոքսային տրակտի լուրջ խանգարումը  Սյուզան Քեթլին զրկել է նորմալ ապրելու հնարավորությունից: Կնոջ օրգանիզմում սնունդը 6 անգամ ավելի դանդաղ է մարսվում, քան սովորական մարդկանց դեպքում:

Ինչպես The Daily Mail-ին վկայակոչելով գրում է  «Ռոսբալտը», Սյուզանը նիհարել է եւ ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից մշտական հոգնածության պատճառով: Հիմնական ախտանիշներն են սրտխառնոցը,  փսխումը, որովայնի ցավերը, փքվածությունը:

Եթե սրվածություն չկա, Սյուզանի  սննդակարգը հետեւյալն է` նախաճաշին մեկ բաժակ թեյ եւ քաղցրաբլիթ, նույնը ճաշին, իսկ ընթրիքին`  2 թեյի գդալ  կարտոֆիլի պյուրե: Բավական է մի փոքր ավելին  ուտի,  որպեսզի գերհագեցվածություն զգա ամբողջ օրվա ընթացքում: Խնդիրը կարող է լուծել հատուկ իմպլանտը:

Կինն արդեն  տասնյակ անգամ եղել է հիվանդանոցում: Մի անգամ նրան նույնիսկ 20 ներարկումներ են արել ուղղակի ստամոքսի մեջ: Սակայն ազդեցությունը միայն ժամանակավոր բնույթ է կրել: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել ախտորոշել, նույնիսկ հոգեկան խանգարում են կասկածել: Սովորաբար նման խանգարումներ դիաբետիկներն են ունենում, բայց Սյուզանը շաքարախտով չի տառապում: