Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանում շարունակվում է հացի ու ալյուրի թանկացման գործընթացը, որ սկսել էր դեռեւս մայիսին:
Խանութները աստիճանական բարձրացնում են հացի գինը՝ 10 կամ 20 դրամով: Մյուսները խոստանում են դա անել առաջիկայում: Պատճառը՝ ալյուրի գների հերթական բարձրացումն է:
NEWS.am-ի դիտարկումները ցույց տվեցին, որ բարձր կարգի ալյուրի 1 կգ-ի գինը երեւանյան խանութներում սեպտեմբերին բարձրացել է 20-30 դրամով՝ հասնելով 280-290 դրամի: Սուպեր տեսակի ալյուրն արդեն վաճառվում է 310-330 դրամով՝ 1 ամիս առաջվա 300 դրամի համեմատ: Ընդ որում՝ առաջացել է մեկ այլ խնդիր եւս: Բարձր տեսակի ալյուրի անվան տակ խանութներ են առաքվում սեւ ալյուր. վաճառողուհիներից մի քանիսն ասացին, որ ստիպված են ետ ուղարկել այն:
Նշենք, որ միջազգային շուկայում սեպտեմբերին ցորենի գինը շարունակել է աճել, իսկ Ռուսաստանը նկատելիորեն կրճատում է արտահանումը, ինչը կարող է հավելյալ գնաճի խթան հանդիսանալ: Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի 1 տոննայի արժեքը սեպտեմբերի 14-ին բարձրացել է մինչեւ 340 դոլար՝ օգոստոսի վերջի 325 դոլարի համեմատ:
Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստում, որտեղից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում ցորենի մեծ մասը, չորրորդ կարգի ցորենի տոննայի գինը միայն սեպտեմբերին 240 դոլարից բարձրացել է 265 դոլար:





























