Չինական հազար ձկնորսական նավերից բաղկացած նավատորմը շարժվում է Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվող Սենկակու կղզիներ, որոնք Պեկինն իրենն է համարում: Սպասվում է, որ նավատորմը տեղ կհասնի արդեն սեպտեմբերի 17-ին:

Սենկակու կղզիների մերձակայքում կենտրոնացված են ճապոնական  պահեստային նավերը: Տոկիոյում չեն  բացառում, որ չինական նավատորմը կփորձի դեսանտ իջեցնել անմարդաբնակ կղզիներում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կիոդոյին: Ճապոնիայում  ճգնաժամային գրասենյակ է գործում: Վարչապետ Յոսիհիկո Նոդան հետաձգել է  իր բոլոր այցելությունները: 

Օգոստոսի 15-ին մի քանի ակտիվիստներ Հոնկոնգից վայրէջք են կատարել կղզիներ եւ այնտեղ տեղակայել ՉԺՀ-ի դրոշները: 

Չինաստանում 7 օր է տեղի են ունենում հակաճապոնական ցույցեր:

Չինաստանի հարավի Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում ոստիկանները բողոքի մասնակիցներին քշել են  արցունքաբեր գազով:  Հակաճապոնական ցույցեր են տեղի ունենում նաեւ Շանհայում, Գուանչժոում, Ցինդաոյում եւ Չենդուում: ՉԺՀ-ում իրենց գործունեությունն են դադարեցրել ճապոնական դպրոցները եւ ձեռնարկությունները, հայտնում է «Ռոսբալտը»: 

Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրացումը տեղի էր ունեցել այս շաբաթ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել էր 5 վիճահարույց կղզիներից  3-ը` դրանք գնելով մասնավոր սեփականատերերից:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան զգուշացրել էր Ասիայում հնարավոր զինված հակամարտության մասին: