«Սիրիական ավիաուղիներ» պետական ավիաընկերությունը շարունակում է իրրականացնել Հալեպ-Երեւան եւ Երեւան-Հալեպ չվերթները: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Սիրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակում: 

Ըստ գրասենյակի ներկայացուցչի` առանձին դեպքեր են լինում, երբ ուղեւորները վերադարձնում են Երեւան-Հալեպ չվերթի տոմսերը, սակայն դա չվերթի հետաձգման պատճառ չէ: Բացի դրանից,  Երեւան-Հալեպ չվերթի ուղեւորները հիմնականում  չեն վերադարձնում տոմսը, այլ տեղափոխում են թռիչքը:

Խոսելով Երեւան-Հալեպ չվերթների` որոշ ավիափոխադրողների  հետաձգման մասին, «տոմսերի զանգվածային  վերադարձի պատճառով»` «Սիրիական ավիաուղիներում» նշել են, որ դա պայմանավորված է նրանով, որ «որոշ ավիափոխադրողներ մշտապես տեղափոխում են չվերթները, եւ ուղեւորները նրանց չեն վստահում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայում ներքին քաղաքական իրավիճակի սրման հետեւանքով «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը չէր դադրեցրել Երեւան չվերթները: Եւ այդպես էլ կշարունակի: Ըստ վերջին տվյալների`Հալեպ-Երեւան չվերթի տոմսի արժեքը  145 հազար դրամ է (350 դոլար) էկոնոմ դասի ուղեւորների համար, 231 հազար դրամ` բիզնես դասի: Թռիչքը տեւում է 1,5 ժամ: 

Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության երկուշաբթի օրվա  Երեւան-Հալեպ չվերթը չի կայանա: Ըստ ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի` ուղեւորները հրաժարվում են, վախենում են, չեն ցանկանում թռչել, վերադարձնում են տոմսերը եւ ստանում փոխհատուցում: