Սերգեյ Մավրոդին  դարձել է Համառուսաստանյան քաղաքական  ՄՄՄ կուսակցության  ղեկավարը:  Կուսակցության  հիմնադիր համաժողովը, «Մենք փոխում ենք աշխարհը» նշանաբանով, տեղի է ունեցել Կուրսկում:

Համաժողովի պատվիրակները ներկայացնում են ավելի քան 50 ռուսական շրջաններ: Նրանց խոսքով, կուսակցության գլխավոր խնդիրը  «Առկա միջոցների արդար վերաբաշխումն է, ռացիոնալ օգտագործումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունն է», հաղորդում է REGIONS.RU-ն:

Համաժողովի շրջանակներում ընդունվել են կուսակցության կանոնակարգը եւ ծրագիրը, ինչպես նաեւ ընտրվել են ղեկավար մարմինները:

Քաղաքական կուսակցության ստեղծման մասին Մավրոդին հայտարարել էր դեռեւս մի քանի ամիս առաջ:

Սերգեյ Մավրոդին Ռուսաստանում ամենահայտնի ֆինանսական բուրգեր կառուցողն է: 1990-ականների սկզբին նա ստեղծել է «ՄՄՄ»-ը, որը 1994 թ-ին սնանկացել է:  Տարբեր տվյալներով, տուժել են մոտ 15 միլիոն ավանադատուներ:  Մավրոդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, սակայն գրեթե միանգամից ազատ է արձակվել:

2011 թ-ին Մավրոդին հայտարարել է «ՄՄՄ»  նոր ծրագրի ստեղծման մասին: Ինչպես հայտնել է կազմակերպիչը, ծրագիրը ֆինանսական բուրգ է, որի ավանդատուները շահույթ կստանան մեկը մյուսից: Որոշ ժամանակ անց Մավրոդին որոշել է ստեղծել նոր «ՄՄՄ-2012» կառույց: