Սիրիայում իրավիճակը դեռեւս շարունակում է բարդ մնալ, սակայն գրոհայինների առավելությունները նվազում են: Իրավիճակը սրում են արեւմտյան երկրների պատժամիջոցները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Լեոնիդ Սավինը:
Ըստ Սավինի` հնարավոր է, որ մի շարք ջիհադականներ կենտրոնանան ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա` անկախ իրենց գտնվելու վայրից: Դա որոշ մոջահեդների թույլ կտա չգնալ Սիրիա ջիհադի համար, այլ «ակտիվ պայքարել ամերիկյան շեյթանների հետ» Պակիստանում, Աֆղանստանում, արաբական եւ աֆրիկական երկրներում, ինչն իր հերթին առավելություն է տալիս Սիրիայի իշխանություններին: «Բավական հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Թուրքիայում»: Դեռեւս իրադրությունը Սիրիայում շարունակում է բարդ մնալ, սակայն նվազում է գրոհայինների առավելությունը: Ամեն դեպքում, Իսրայելը պետք է զգոն լինի, եթե Ասադի իշխանությունը տապալվի, այն կհայտնվի ռազմական սպառնալիքի առաջ», - նշել է Սավինը:
Ի պատասխան այն հարցին, թե կհետաձգի արդյոք Արեւմուտքը Սիրիայում ռազմական գործողությունները հաշվի առնելով հակաամերիկյան ելույթները մահմեդական երկրներում, փորձագետը հիշեցրել է, որ ուղղակի ներխուժման մասին չի էլ խոսվել: «Արեւմուտքն, անխոս, կշարունակի անուղղակի աջակցել ահաբեկիչներին: Ամեն դեպքում, հակաարեւմտյան բողոքները ձեռնտու են սիրիական ղեկավարությանը»:





























