Նախորդ շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում ռեկորդային մեծ ծավալով դոլար է վաճառվել: Միայն կանխիկ արտարժույթի շուկայում բնակչությունը բանկերի մասնաճյուղերին առաջարկել է 110 մլն դոլարից ավելի, ինչը համարժեք է նախաամանորյա արտարժույթի առաջարկի ծավալներին; «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում շաբաթական կտրվածքով վաճառվել է 17,5 մլն դոլար, ինչը եւս բարձր ցուցանիշ է, թեեւ ռեկորդային չի համարվում:

Դոլարի առաջարկի աճի շնորհիվ հայկական դրամը սկսել է արժեւորվել դոլարի նկատմամբ: Արդյունքում՝ շաբաթվա ընթացում դոլարն էժանացել է մոտ 4 դրամով՝ 412,10 դրամից իջնելով մինչեւ 408,22 դրամ (ԿԲ պաշտոնական փոխարժեքն է):

Դոլարի առաջարկի աճը հայկական ֆինանսական շուկայում կարող է ունենալ 2 պատճառ: Առաջին՝ խաղողի բերքահավաքը ստիպում է մոտ 3 տասնյակ կոնյակագործական եւ գինեգործական ընկերությունների վաճառել արտարժույթ: Ըստ մեր հաշվարկների՝ միայն այդ գործոնով պայմանավորված շուկայում լրացուցիչ կհայտնվի (կամ արդեն հայտնվել է) մոտ 40 մլն դոլար: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա դրամը կշարունակի իրեն ուժեղ զգալ նաեւ առաջիկա շաբաթվա ընթացքում; Երկրորդ՝ բոլոր նախանշանները կան, որ միջազգային շուկայում ամերիկյան դոլարը արժեզրկվի եւ եվրոյի, եւ մյուս արժույթների նկատմամբ: Դրան նպաստում են ինչպես Եվրոպական կենտրոնական բանկի կողմից պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը, այնպես էլ տնտեսության խթանման ուղղությամբ  ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ծրագրերը: Պատահական չէ, որ Forex միջազգային շուկայում եվրոն արդեն գերազանցում է 1,3 դոլարի սահմանագիծը: Դոլարի անխուսափելի արժեզրկման սպասումները, հնարավոր է, ստիպում են տեղական ներդրողներին՝ կրկին վերանայել պահուստային ակտիվների կառուցվածքը;

Սամվել Ավագյան