Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանությունը կարող է հայտարարվել որպես համոզիչ վկայություն ծայրահեղական ահաբեկչական խմբակցությունների գոյության, որոնք սպառնում են խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Լեոնիդ Սավինը:
Ըստ նրա` Վաշինգթոնը տարբեր կերպ կարող է օգտագործել իրավիճակը:
Ի պատասխան այն հարցին, թե ով է կանգնած Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում եւ Եմենում բողոքի ակցիաների հետեւում, քաղաքագետը նշել է, որ ակտիվ շարժիչ ուժ է հանդիսանում այդ երկրների մահմեդական երիտասարդությունը: Ակցիաները հիմնականում ինքնաբուխ են եղել, սակայն որոշների աշխատանքը թեժացրել են լրատվամիջոցները: Օրինակ, Կահիրեում դրանք ուղիղ եթերով են հեռարձակվել:
Խոսելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի մասին` Սավինը նշել է, որ բողոքող հասարակություններում բավականի պայթյունավտանգ սոցիալական իրավիճակ է: ԱՄՆ-ն ծայրահեղ վիճակում է, քանի որ ֆիլմն արվել է այդ երկրում: «Google ընկերությունը եւս, որը վերահսկում է YouTube-ը, մասնակից է տեղեկատվության տարածմանը»:
Իսկ ի պատասխան այն հարցին, թե արդյոք այդ ակցիաները չեն հանգեցնի արաբական երկրների պաշտոնապես միավորմանը, Սավինը նշել է. «Հազիվ թե: Տարածաշրջանային խաղացողները շատ հակասություններ ունեն»:





























