Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում անկարգություններ հրահրելու համար 110 մարդ է ձերբակալվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է եգիպտական դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտմեբրի 11-ին Կահիրեում ամերիկյան դեսպանատան մոտ անկարգություններ են ծագել, որը ուղղված է եղել «Մահմեդականների անմեղությունը» ամերիկյան սիրողական ֆիլմի դեմ, որը, ըստ հավատացյալների, պղծում է Մուհամեդ մարգարեի անունը: Հաջորդ օրը ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում հանրահավաքը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների է վերածվել: Կահիրեյի կենտրոնում 4 օր շարունակ տեղի ունեցող բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 200-ը վիրավորվել:
Սեպտեմբերի 17-ի գիշերը ոստիկանությունը անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալել է ավելի քան 40 մարդ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի բուռն ալիք է բարձրացել իսլամական աշխարհում, ինչի հետեւանքով Լիբիայի, Եգիպտոսի, Թունիսի եւ Յեմենի ամերիկյան դեսպանատների վրա հարձակումներ են տեղի ունեցել: Լիբիայում անկարգությունների հետեւանքով Բենգազիում սպանվել է ամերիկյան դեսպանը:





























