Վրացական Գոնիո հանգստավայրը հայտնվել է կավատների ձեռքում, իսկ տեղացի բնակչության բողոքներին ոչ ոք չի արձագանքում: Գյուղ են այցելում հիմնականում միջինասիացի կանայք, ովքեր աշխատում են Թուրքիայից ժամանող այցելուների համար:
Տեղացի բնակչությունը պատմում է, որ գիշերները ժամանցի վայրերից հասնող բարձր երաժշտությունը խանգարում է հանգիստ քունը, իսկ ցածրակարգ հյուրանոցները եւ ակումբները վախեցնում են հանգստացողներին, ովքեր այստեղ են ժամանել ամառային արձակուրդների ժամանակ: «Ոչ ոք չի ցանկանում հանգստանալ այստեղ թուրքերի եւ անբարոյականների պատճառով»,-պատմել են տեղաբնիկները:
Բաթումիի քաղաքապետը, որի վարչական շրջանի մեջ է մտնում Գոնիոն, խոստացել է լուծել բարձր երաժշտության հարցը: Ժողովրդավարության ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գենո Գելաձեն փորձել է ստուգել այն տեղեկությունները, ըստ որի այստեղ աշխատող կանայք ֆիզիկական բռնության զոհ են դառնում, սակայն կանայք չեն ցանկացել խոսել այդ թեմայի շուրջ: «Մասնակի զրույցներում նրանք ասում են, որ աշխատատերը իրենցից խլել է անձնագրերը, սակայն նրանք չեն ցանկանում բացահայտ խոսել դրա մասին: Նրանք ոչ ոքի չեն վստահում եւ վախենում են կորցնել աշխատանքը եւ արտաքսվել», ասել է նա:




























