Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այս փուլում չի պատրաստվում քննադատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին նա հայտարարել է  «Ակցենտի» հաղորդման ժամանակ: Նա բացատրել է, որ չի քննադատելու Պուտինին, քանի որ իշխանության գալուց հետո ինքը պետք է նրա հետ բանակցություններ վարի, իսկ քննադատությունը կբարդացնի գործը, հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

Իվանիշվիլին նաեւ հայտարարել է, որ մտադիր է լքել քաղաքականությունը 2 տարի անց, սակայն նա պատասխանատու է այն թիմի համար, որին կբերի իշխանության:

Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով «9-րդ ալիքի» եթերում` Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի ողջ պատմության ընթացքում Սահակաշվիլիի իշխանությունից վատթար իշխանություն չի եղել: