Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան ափսոսանք է հայտնել, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Փարիզ չի հետաձգվել` կապված Ռամիլ Սաֆարովի գործի հետ:

Իր հայտարարության մեջ Ռոշբլուան նշել է, որ Ադրբեջանի նախագահի այցը չի ողջունվում, քանի որ մի քանի օր է անցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Սաֆարովին ներելու մասին նախագահի որոշումից:

Նշենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: