Նիդերլանդների փոխվարչապետ, Տնտեսական կապերի,  գյուղատնտեսության եւ նորարարությունների  նախարար Մաքսիմ Վերհագենը անցյալ շաբաթ Ադրբեջան կատարած այցի ժամանակ  կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Հայաստանի հետ հակամարտության հարցում:

Վերհագենը նաեւ մտահոգություն է հայտնել հայ սպայի մարդասպանի ներման շնորհումից հետո աճող լարվածության կապակցությամբ, ասվում է Նիդերլանդների կառավարության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի սպա Ռամիլ  Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց: Նույն օրը հայաստանի նախագահի որոշմամբ կասեցվել են դիվանագիտական բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ: