Ամերիկացի քարոզիչ Թերի Ջոնսին, ով հայտնի է դարձել Ղուրանի այրմամբ, արգելվել է մուտք գործել Գերմանիա: Նման միջոց է ձեռնարկվել մահմեդականների հակաամերիկյան հուզումների կապակցությամբ, որը առաջ է եկել Մուհամեդ մարգարեի մասին պատմող  ֆիլմի պատճառով, որի ստեղծմանը մասնակցել է նաեւ քահանա  Ջոնսը:

Քահանան  նախատեսում էր մոտակա ժամանակներս ժամանել Գերմանիա` ծայրահեղ աջ կազմակերպությունների հրավերով, հաղորդում է «Ռոսիսկայա Գազետան»:

Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը նախօրեին զգուշացրել է Գերմանիայի աջ ծայրահեղականներին` ինտերնետում  սկանդալային  տեսագրության տարածման անթույլատրելիության մասին: Սակայն pro Deutschland-ն արդեն իր կայքում տեղադրել է «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը  եւ խոստացել է կինոժապավենը ցուցադրել Բեռլինում կայանալիք իր ակցիաների ընթացքում: