«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներից մեկի ընտանիքը սեպտեմբերի 17-ի գիշերը լքել է Քալիֆորնիայի իր տունը: Ընտանիքի ղեկավարը թաքնվել էր ավելի վաղ:
Նակուլա Բեսլի Նակուլայի հարազատները լքել են իրենց տները Քալիֆորնիայի հարավի Սերիտոս շրջանում գիշերվա ժամը 4-ին, հայտնում է AP-ն:
55-ամյա Նակուլան մեկ օր առաջ հայտնել էր ոստիկանությանը, որ չի ցանկանում վերադառնալ Քալիֆորնիայի իր տուն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին նա հարցաքննության էր կանչվել:
Սերիտոսում Նակուլայի տունը մի քանի օր է շրջափակել են լրագրողները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 13-ին Associated Press-ի լրագրողները հայտնել էին, որ ֆիլմի իսկական հեղինակը Նակուլա Բեսլի Նակուլան է, որը թաքնվում էր Սեմ Բեյսլի կեղծանվան տակ: Նա իրեն քրիստոնյա ղպտի է անվանել եւ հայտարարել, որ ստեղծել է ֆիլմը ղպտիական քրիստոնեական համայնքի աջակցության նպատակով, որին սպառնում է իսլամը:
YouTube-ում ֆիլմի հայտնվելուց հետո մի քանի դերասաններ հանդես են եկել հայտարարություններով, որ իրենց հրավիրել են նկարահանվելու հին արեւելքի մասին ֆիլմում «Անապատի ռազմիկը» անվան տակ, եւ սցենարում Մուհամեդ մարգարեի հիշատակություն չի եղել:
Լրագրողները պարզել են, որ 2010 թվականին Նակուլան Քալիֆորնիայում 21 ամսվա բանտարկության եւ 800 հազար դոլար տուգանքի էր դատապարտվել դաշնային բանկի նկատմամբ խաբեբայության համար:
Ֆիլմի հայտնվելը համացանցում անկարգություններ է առաջացրել իսլամական աշխարհում: Կատաղած ամբոխի հարձակումների առարկա են դարձել ԱՄՆ-ի հյուպատոսությունները: Լիբիայի Բենգազիում սպանվել էր ամերիկյան դեսպանը:





























