Ռոմնին Օբամայի օգտին քվեարկողներին ձրիակեր է անվանել, ովքեր ապրում են պետության հաշվին: Այս մասին նա հայտնել է հովանավորների հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա խոսքերով տեսագրությունը ընկել է լրագրողների ձեռքը: Այն  հայտնվել է Mother Jones ամսագրի կայքում:

«Նրա կողմից են մարդկանց 47 տոկոսը, ովքեր կախված են կառավարությունից եւ զոհ են ձեւանում ` հավատալով, որ կառավարությունը պարտավոր է հոգալ նրանց մասին»,-ասում է Ռոմնին տեսագրության մեջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ մարդիկ  հարկեր չեն վճարում:

Ռոմնին նշել է, որ իրեն մտահոգում է, թե ինչպես կքվեարկեն լատինաամերիկյան ծագումով ամերիկացիները: «Եթե լատինաամերիկացիները աջակցեն դեմոկրատներին, այնպես, ինչպես անցյալ անգամ աֆրոամերիկացիներն էին աջակցել, ապա մենք խնդիր կունենանք ոչ միայն որպես կուսակցություն, այլ նաեւ որպես ազգություն»,-հայտնել է հանրապետականը, գրում է «Լենտա.ru»-ն:

Օբամայի շտաբը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել տվյալ տեսագրության կապակցությամբ` Ռոմնիի խոսքերը վրդովեցուցիչ անվանելով: Հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է Reuters-ը, նշվում է, որ դժվար է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում պատկերացնել մեկին, ով նման ատելությամբ է արտահայտվում ժողովրդի կեսի մասին:

Ռոմնիի շտաբը, իր հերթին, շտապել է հայտնել, որ հանրապետական թեկնածուն մտահոգվում է աղքատ եւ աշխատազուրկ ամերիկացիների համար եւ ցանկանում է օգնել նրանց, ովքեր փարձում են գոյատեւել  Օբամայի ստեղծած տնտեսական պայմաններում: