Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին 320 հազար դոլարով 16 ամսով վարձակալել է հանրության եւ կառավարության հարցերով զբաղվող վերջերս ստեղծված ամերիկյան ընկերություն: Փիառ-գործակալության նպատակը` ԱՄՆ-ի կառավարությանը եւ հանրությանը «Վրաստանի կառավարության քաղաքականությանը եւ ծրագրերին» ծանոթացումն ու «պարզաբանումն» է:
Fianna Strategies ընկերության միակ սեփականատերը Մոլլի Մաքյուն է, ով աշխատել է Վաշինգթոնի ամենաազդեցիկ Podesta Group լոբիստական ընկերությունում: Podesta Group ընկերությունը 2010 թ-ից հանդիսանում է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի կապալառու:
Պայմանագրի համաձայն, որը ընդգկում է 2012 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, խորհրդատուն կօգնի վարչապետի գրասենյակին` նպատակների եւ ծրագրերի մասին ԱՄՆ-ի հանրությանը , իշխող կառավարությանը, Կոնգրեսին, ոչ կառավարական եւ հետազոտական կազմակերպություններին, ինչպես նաեւ լրատվամիջոցներին համապատասխան տեղեկատվություն տալու համար, հաղորդում է Civil.Ge-ն:
Բացի այդ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը 50 հազար դոլարի պայմանագիր է ստորագրել ամերիկյան HDMK հանրային հարցերով զբաղվող ընկերության հետ, որը 2011 թ-ի վերջից, մինչեւ այս տարվա սկիզբ ծառայություններ է մատուցել Վրաստանի Կրթության նախարարությանը:





























