Միջոցներ հավաքելու ընթացքում ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, ցանկանալով դոնորներին հավաստիացնել, որ ինքն ու իր քարոզարշավը վարողները գիտեն, թե ինչ են անում, պարծեցել է իր կողմից հրավիրված խորհրդականներով` ընդգծելով, որ վերջիններս նախընտրական քարոզարշավ են վարում մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում: Այդ մասին գրում է «Mother Jones» կայքը (http://www.motherjones.com/politics/2012/09/secret-video-romney-private-fundraiser):
«Ես չափազանց փորձառու, միանգամայն հաջողված խորհրդականների շատ լավ թիմ ունեմ, հատկապես նրանցից մի քանիսը, ովքեր նախընտրական քարոզարշավ էին անկացնում ամբողջ աշխարհում: Ես նման բան չէի պատկերացնում: ԱՄՆ-ում այդ տղաները հավասար են Կարլ Ռոուվային, ամբողջ աշխարհում զբաղվում են նախընտրական մրցավազքով. Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում: Նրանք, օրինակ, աշխատում են Բիբի Նեթանյահուի նախընտրական քարոզարշավում: Նրանք զբաղվում են այդ մրցավազքով եւ եւ ուսումնասիրում, թե որ գովազդներն ու գործընթացներն են առավել լավ աշխատում, եւ մենք պատկերացում ունենք, թե ինչ ենք անում քարոզարշավի ընթացքում»:
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին: Տվյալ ընտրություններին ընտրողներ են ընտրվում, որոնք իրենց հերթին 2012թ. դեկտեմբերի 17-ի կոլեգիայում պետք է ընտրեն ԱՄՆ-ի նախագահին եւ փոխնախագահին: Ընտրված նախագահի երդմնակալությունը նախատեսված է 2013թ. հունվարի 20-ին:




























