Եվրամիությունում հետագա ընդգրկման համար Սերբիայի իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել, որում կբարձրացվի Կոսովոյի երկրամասի անկախությունը ճանաչելու հավանականության հարցը, գրում է բելգրադյան «Երեկոյան նորություններ» թերթը` վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին:

 «Եթե պարզ պայման դրվի, որ Սերբիան փաստացի ճանաչում է Կոսովոյի անկախությունը հանուն եվրաինտեգրման շարունակության, չի բացառվում, որ մեր երկրում հանրաքվե անցկացվի` «Կոսովո կամ Եվրոպա» հարցով» ,- գրում է թերթը:

Սերբիայի քաղաքական նոր առաջնորդները, ինչպես նշում է բելգրադյան թերթը, կարծում են, որ  «եւ Կոսովոյի, եւ ԵՄ-ի» քաղաքականությունը գործնականում խուլ պատի է բախվել: Դա հատկապես նկատելի դարձավ Գերմանիայից արված վերջին հայտարարություններից հետո, որտեղ Բելգրադին եւ Պրիշտինային ցույց տվեցին պատմականորեն թշնամացած կողմերի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատում պարտավորեցնող պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը:

Անցած շաբաթ նման հայտարարություն  էր տարածել ԳԴՀ-ի իշխող  «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Անդրեաս Շոկենհոֆը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպասվում է, որ այդ հարցում հստակություն կարող է մտցվել սեպտեմբերի վերջին`  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո, որտեղ սերբական առաջնորդները կփորձեն «շոշափել» աշխարհի առաջատար երկրների վերաբերմունքը Կոսովոյի հիմնախնդրին` Սերբիայի եվրաինտեգրման համատեքստում: