Անգլիայում 55-ամյա թութակը սատկել է վերջին խոսքն ասելուց հետո` «Առողջություն»: Ինչպես տեղեկացնում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, Թարբու անունով աֆրիկական գորշ թութակը, որն աշխարհում տնային ամենածեր թութակներից էր, իր հրաժեշտն է տվել 89-ամյա Նինա Մորգանին, երբ վերջինս գնում էր քնելու: Թռչունը հաջորդ առավոտյան այնքան թույլ է եղել, որ չի կարողացել անգամ ավանդական ողջույնն ասել`«Ողջույն, թանկագինս», եւ ուժասպառ ընկել է թառից:
Մորգանը կարծում է, որ թութակի երկարակեցության գաղտնիքն այն է, որ նրան երես են տվել, կերակրել են սիրելի «Kit Kats»-ով եւ ամեն գիշեր թույլ են տվել դիտել «Emmerdale» եւ «Coronation Street» սերիալները: Նրան 1957թ. փրկել էին կենդանավաճառի ձեռքից:
Թութակը հայտնի էր նրանով, որ միսիս Մորգանին ամեն տնից դուրս գալիս ասում էր. «Առողջություն: Ցտեսություն: Կտեսնվենք»: Նա պատուհանի տակով անցնող շներին տեսնելիս ասում էր «հաֆ, հաֆ», կատուներին`«մյաու, մյաու»: Թարբուն կիսով չափ խուլ միսիս Մորգանին նաեւ զգուշացնում էր դռան զանգը հնչելու դեպքում` բղավելով «Հեյ» եւ արտասանելով «Նինա» անունը, քանի որ կինը չէր լսում զանգը:
Այրի միսիս Մորգանը, որը միայնակ է ապրում, ասել է, որ շատ վշտացած է իր 55-ամյա ուղեկցի կորստի կապակցությամբ` հավելելով. «Նա շատ խելացի թռչուն էր: Մենք նրան երբեք խոսել չենք սովորեցրել, նա ինքն է սովորել»: Տիկին Մորգանը Թարբուին թաղել է իր այգում` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի դրոշի ներքո:





























