Ռուսաստանում հայկական ձկնամթերքի ներմուծման արգելքը վատառողջ մրցակցության հետեւանք է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ակվատեխավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից կիրառած արգելքը կարելի է նաեւ դիտարկել որպես ճնշման միջոց հայաստանյան ձկնաբուծարանների նկատմամբ: Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանում իրենց արտադրանքը եւս ենթարկվում է ստուգման, սակայն որեւէ մանրէաբանական խախտում չի հայտնաբերվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Ռուսաստանի Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունից գրություն են ստացել հայկական 4 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական վտանգի մասին, սակայն այդ գրության մեջ չի նշվում, թե որտեղ է հայտնաբերվել խախտումը՝ մանրածախ առեւտրի ցանցո՞ւմ, թե՞ պահեստում կամ տեղափոխման ժամանակ (սահմանային անցակետում): Ըստ Բ. Պիպոյանի՝ բոլոր այդ 4 ընկերություններում ներկայում իրականացվում են ստուգումներ, որոնց մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեն: Թեեւ Բ. Պիպոյանը չհայտնեց այդ ընկերությունների անունները, սակայն, ըստ մեր տեղեկությունների, խոսք է գնում «Դմիտրի» (արտահանման արգելքն արդեն գործում է), «Յունիֆիշ» (ստացել է նախազգուշացում) եւ «Գոս» (խեցգետնի արտահանում, եւս նախազգուշացում է ստացել) ընկերությունների մասին: «Ակվատեխավտոմատիկա» ընկերության նկատմամբ արտահանման արգելքը կգործի սեպտեմբերի 27-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանն արգելել է հայկական իշխանի ներմուծումը:





























