Ռամզան Կադիրովը հերքել է այն լուրերը, ըստ որի գոյություն ունի քաղաքական իր ընդդիմադիրների «գնակահարվողների ցուցակ», իսկ կանանց իրավունքների խախտման մեղադրանքը անվանել է մտացածին: Այս ամենի մասին Չեչնիայի ղեկավարը պատմել է BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ` հերքելով բոլոր մեղադրանքները եւ հոգեկան հիվանդ անվանելով նման լուրեր տարածողներին:
Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», արտասահմանյան լրատվամիջոցները չեչեն առաջնորդի անունը բազմիցս կապել են նրա հակառակորդ համարվող քաղաքական գործիչների մահվան շարքի հետ: Սակայն պարոն Կադիրովը վստահ է, որ Արեւմուտքը պարզապես իրենից «քավության նոխազ» է սարքում:
BBC-ի լրագրողի կարծիքով, Կադիրովը նոր Չեչնիայում «ավանդական մահմեդականություն է» քարոզում. խանութներում ալկոհոլի ազատ վաճառք չկա, կանանց եւ տղամարդկանց համար ի հայտ են եկել սպորտային առանձին գործակալություններ, ինչպես նաեւ մտցվել է ավելի խիստ մահմեդական դրես-կոդ, կանանց գլխաշորը պարտադիր է:
Սակայն պարոն Կադիրովը չի կարծում, որ հիջաբի պարտադիր կրումը խախտում է կանանց իրավունքները Չեչնիայում: «Մայրերի ոտքերի տակ դրախտ է փռված»,-մեջբերել է նա Ղուրանից եւ հայտնել է, որ «Չեչենը կամ մահմեդականը չի կարող խախտել կնոջ իրավունքները»: «Ես իմ մայրիկին, քրոջը, կնոջը եւ երեխաներին շատ եմ սիրում: Բոլորի նկատմամբ հարգանքով եմ վերաբերում»,- նշել է Ռամզան Կադիրովը:





























