Ռուբեն Հայրապետյանի պես մարդը չի կարող կրկին հայտնվել Ազգային Ժողովում: Այս մասին լրագրողներին այսօր` սեպտեմբերի 18-ին հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, նախագահի վերաբերմունքը օլիգարխների պահվածքի նկատմամբ պետք է լինի նույնչափ խիստ, որքան որ Սաֆարովի ազատման դեպքում էր.«Հայաստանի նախագահը այն ժամանակ հայտնել է խիստ եւ կտրուկ գնահատական»,-«Հենարան.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան վստահեցրել է փորձագետը: ԻՆչպես նշել է քաղաքագետը, երկրի կառավարության համար փորձություններից մեկը կդառնա Ռուբեն Հայրապետյանի գործը. պետք է վստահ լինել, որ այս մարդը այլեւս չի հայտնվի Ազգային Ժողովում:
Հիշեցնենք, որ հունիսին «Հարսնաքար» ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանին մահվան աստիճան ծեծելուց հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրա համապատսխան հայտարարությունը սեպտեմբերի 5-ին ընթերցել է խորհրդարանի խոսնակը: Եթե Հայրապետյանը 15 օրվա ընթացքում հետ չվերցնի իր հայտարարությունը, ապա մեխանիկորեն կդադարի պատգամավոր լինել:





























