Ֆրանսահայերն այսօր` սեպտեմբերի 18-ին, բողոքի ցույց կանցկացնեն Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Այդ մասին  NEWS.am-ին հայտնել է Ֆրանսիայի  «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը: Ցույցն ուղղված է ոչ միայն Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, այլեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ  Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:

Ինչ վերաբերում է նույն օրը Հայաստանի դեսպանատան առջեւ ցույց անցկացնելու ադրբեջանական համայնքի մտադրությանը, Վարժապետյանը նշեց, որ քաղաքապետարանն արտոնել է Իլհամ Ալիեւի աջակցության հանրահավաքը` հավելելով. «Շատ լավ է, որ նրանց նախագահն աջակցության կարիք ունի, դա վկայում է նրանց թուլության մասին»:

Վարժապետյանը բացառեց երկու համայնքների միիջեւ բախման հավանականությունը` նշելով, որ երկու երկրների դեսպանատները իրարից շատ հեռու են գտնվում:

Ֆրանսիայի հայ համայնքի ցույցին կմիանան նաեւ ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: