ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ինչպես այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, այդ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ի երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդի նիստում:
Քննարկվել են սահմանի իրավիճակի հետ կապված հարցեր. «Հուսով եմ, որ գլխավոր քարտուղարի հետ շփումները կշարունակվեն, սահմանների անվտանգության խնդիրը մնում է օրակարգում», -ընդգծել է նա:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2012թ. սկզբից Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում ավելի քան 12.160 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ավելի քան 2 հազար 300 անգամ կիրառել է դիպուկահար զենք, մոտ 334 անգամ` մեծ տրամաչափի զենք:
Տարվա սկզբից ադրբեջանական կողմի հրաձգության արդյուքում մահացել է 11 զինծառայող, 21-ը վիրավորվել են, այդ թվում` երեք քաղաքացիական անձինք:
Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը այս տեսակետից նոր «ռեկորդներ» է ցանկանում գրանցել. Եթե 2006 թ-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր մոտ 600 անգամ, ապա 2007 թ-ին` արդեն 1400 անգամ, 2008 թ-ին` 3 հազար 500 անգամ, 2009 թ-ին գրեթե 4 հազար 600 անգամ, 2010 թ-ին` 7հազար 200 անգամ, իսկ 2011 թ-ին ավելի քան 12 հազար 600 անգամ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























