Ստեղծվել է «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունր, որի նպատակն է օգնել Սիրիայի բնակչությանը, հատկապես՝ սիրիահայերին: Նախաձեռնող խումբը մտադիր է պարբերաբար տարբեր միջոցառումներ իրականացնել, օրինակ՝ ստեղծվել է հաշվհամար, որին գումար փոխանցելով հնարավոր կլինի ներդրում ունենալ սիրիացիներին օգնելու հարցում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն տեղեկացրին նախաձեռնող խմբի անդամները՝ Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Օգնիր եղբորդ» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակներում, օրինակ, մինչեւ սեպտեմբերի վերջ մեկ ինքնաթիռ կմեկնի Սիրիա՝ հումանիտար օգնություն տանելով այնտեղ մնացած անապահով ընտանիքնեիրին: Այս ակցիայի շրջանակներում նախատեսվում է նաեւ կազմակերպել բարեգործական համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում, հեռուստամարաթոն եւ այլն:

Նախաձեռնող խմբի անդամները շեշտեցին, որ սա ընդամենը հասարակական նախաձեռնություն է, պետք չէ կուսակցականացնել, պարզապես ՀՅԴ-ն այստեղ ամենակտիվ դերակատարումն ունի: Նախաձեռնության արդեն միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ գործարարներ:

«Հայաատանը պետք է  հնարավոր դիվանագիռական ջանքեր գործադրի սիրիական հակամարտությունը հանգցնելու ուղղությամբ,Սիրիայում տեղի ունեցող այս փոթորիկը վտանգավոր է ամբողջ Մերձավոր Արեւելքի համար, որի մաս է կազմում նաեւ Կովկասը, որքան շուտ հանգցնենք խարույկը, այնքան մեր շահերից է բխում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի