Աֆղանստանը կարող է ողջ  ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի համար վտանգի աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնել է Ղրղըզստանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Տոկոն Մամիտովը սեպտեմբերի 18-ին Երուանում կայացած ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-19-ին Երեւանում տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների  խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավարների եւ Կազմակերպության Խորհրդարանական Ասամբլեայի Խորհրդի Կոորդինացիոն խորհրդակցության նիստը:

Նրա խոսքով, Ղրղըզստանի համար սպառնալիք է հանդիսանում թմրաթրաֆիկը, կրոնական ծայրահեղականությունը, տրանսճանապարհային հանցավորությունը եւ Կենտրոնական Ասիայի պետությունների միջեւ առանձին չկարգավորված մի շարք  խնդիրներ: «Սակայն կա եւս մեկ խնդիր, որը մեզ անհանգստացնում է, դա խաղաղապահ ջոկատների դուրս բերումից հետո Աֆղանստանում տիրող  իրավիճակի հետագա զարգացումն է»,-նշել է Մամիտովը:

Նա հիշեցրել է, որ Աֆղանստանի ուժային կառույցներում հաշվարկվում էմոտ 300 հազար մարդ, սակայն որոնց թիվը նախատեսվում է մեկ երրորդով կրճատել: Ի՞նչ պետք է անեն այն երիտասարդները, ովքեր պատերազմելուց  բացի ուրիշ ոչ մի բանի ունակ չեն»,-հարց է տալիս Ղրղըզստանի խորհրդարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով, նման իրավիճակը կարող է իր մեջ իրական վտանգներ թաքցնել ոչ միայն Ղրղըզստանի համար, այլ նաեւ ՀԱՊԿ եւ ԱՊՀ-ի համար ընդհանուր առմամբ: Այդ պատճառով, կարծում է  ղրղզ ներկայացուցիչը, ՀԱՊԿ-ն իր գործընկերների, հատկապես ՇՀԿ-ի հետ միասին, պետք է մտածեն այս հարցի շուրջ: «Եթե ինչ որ մեկի տունը այրվում է, ապա ողջ փողոցը պետք օգնի մարել կրակը, հակառակ դեպքում կհրդեհվի ողջ փողոցը»,-ընդգծել է Տոկոն Մամիտովը:

Իր հերթին Տաջիկստանի ներկայացուցիչ Ամիրկուլ Ազիմովը նույնպես իր երկրի առջեւ ծառացած   սպառնալիքների շարքում նշել է թմրաթրաֆիկը եւ Աֆղնաստանում տիրող իրավիճակը: «Աֆղանստանի տարածքից միջազգային խաղաղապահ ուժերի դուրս բերումից հետո իրավիճակը կարող է սրվել, եւ դա, իր հերթին, կարող է անդրադառնալ հարեւան երկրների վրա»: