ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժան ընդգծել է Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ  «Փոխգործակցություն -2012» զորավարժությունների կարեւորությունը:

Ելույթ ունենալով Երեւանում այսօր` սեպտեմբերի 18-ին,  կայացած մամուլի ասուլիսում` Բորդյուժան հիշեցրել է, որ ԱԱՀՈՒ-ն հիմնական բաղադրիչներից է, որը կարող է արագ արձագանքել ուժի կիրառման հետ կապված ցանկացած մարտահրավերի, քանի որ այն ընդգրկում է հավաքական ուժեր եւ զորամիավորումներ:

Խոսելով զորավարժությունների ընթացքում նկատված հիմնական թերությունների մասին` ՀԱՊԿ-ի  գլխավոր քարտուղարը նշել է, որ դրանք քիչ չեն. «Օրինակ, սահմանը հատելը, զենքի տեղափոխումը, տեղափոխման, անձնակազմերի վերատեղաբաշխման հետ կապված խնդիրներ: Կան այնպիսի հասարակ խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս միայն երբ դրանցով զբաղվում ես: Մենք ունենք խնդիրներ, չենք թաքցնում, հենց դրա համար էլ զորավարժություններ ենք անցկացում`դրանք հայտնաբերելու համար», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ  «Փոխգործակցություն -2012» զորավարժություններն անցկացվում են Հայաստանի  «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում, մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Կիրառվում է 500 միավոր տեխնիկա, այդ թվում` զրահատեխնիկա. տանկեր եւ ԲՄՊ, 50 միավոր հրետանի, 200 ավտոմեքենա, 1500 միավոր նշանառու զենք: Առաջադրված խնդիրների գործնական փուլը կկայանա վերջին օրը` սեպտեմբերի 19-ին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի