ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ -ում ընդգրկված են կազմակերպության անդամ երկրների ուժային կառույցների լավագույն ստորաբաժանումները: Այդ մասին Երեւանում այսօր` սեպտեմբերի 18-ին  կայացած մամուլի ասուլիսում հայտնել է  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին, նախագահները որոշեցին այնտեղ ընդգրկել վերնախավային ստորաբաժանումները, այսինքն`մասնակից պետությունների  լավագույն անձնակազմերը:

«Դրանք, օրինակ, Տաջիկստանի, Ղազախստանի հատուկ նշանակության ջոկատներն են, դա Բելառուսի հայտնի օդադեսանտային 103-րդ զորաջոկատն է, Ուլյանովսկի դեսանտագրոհային ջոկատը, Իվանովյան օդադեսանտային զորաջոկատը: Բացի այդ, ԱԱՀՈՒ-ում ներառված են ներքին գործերի մարմինների լավագույն ստորաբաժանումները: Այդ պատճառով մենք հույսեր ենք կապում այդ ուժերի հետ», - ասել է Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ից մեկնարկած  ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ  «Փոխգործակցություն -2012» զորավարժությունների հետեւելու համար: Զորավարժություններն անց են կացվում Հայաստանի  «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում, մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Կիրառվում է 500 միավոր տեխնիկա, այդ թվում` զրահատեխնիկա. տանկեր եւ ԲՄՊ, 50 միավոր հրետանի, 200 ավտոմեքենա, 1500 միավոր նշանառու զենք: Առաջադրված խնդիրների գործնական փուլը կկայանա վերջին օրը` սեպտեմբերի 19-ին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի