Սեպտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասաց. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ  դիվանագիտական հարաբերությունները  քսանամյակը եւ կարող ենք փաստել, որ  կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:

Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը եւ ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է: Բանակցությունների ընթացքում նախարարները  քննարկեցին քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաեւ գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրեց, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան:

Զրուցակիցները կարեւորեցին Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը:

Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան-Եվրամիության համագործակցությունը եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը եւ ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն եւ Լիդինգտոնը անդրադարձան մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարեւելյան զարգացումներին եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշեց, որ ՄԹ սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի եւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթները: