Ադրբեջանում «Խմբակային խուլիգանության» մեղադրանքով ձերբակալվել է կրոնական «xeber44.com» կայքի խմբագիր Արազ Գուլիեւը: Ձերբակալության մասին որոշումը կայացրել է Մասսալինյան շրջանի դատարանը: Այս մասին հաղորդում է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը` վկայակոչելով ձերբակալվածի եղբորը: Արազ Գուլիեւը ձերբակալվել է Մասսալիյում տեղի ունեցած ֆոլկլոր փառատոնի շրջանակներում հավատացյալների բողոքի ակցիայի ժամանակ:

ՆԳՆ-ի տվյալներով` սեպտեմբերի 8-ին Արազ Գուլիեւը եւ Ռզա Ագալին փորձել են փչացնել ֆոլկլորի փառատոնի շրջանակներում տեղի ունեցող միջոցառում: Արդյունքում տուժել են շրջանի  երկու բնակիչներ եւ ոստիկանության աշխատակիցներ, ջարդվել են ծառայողական մեքենաների ապակիները: Հավատացյալ ցուցարարները պահանջել են բեմից հեռացնել կիսամերկ պարուհիներին եւ հարգել ազգային ավանդույթները: Արազը ներկա է եղել որպես լրագրող եւ լուսաբանել է բողոքի ակցիան: