Սեպտեմբերի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացավ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մամուլի ասուլիսը, որին  ներկա էին Քուվեյթի պետական հեռուստատեսության նկարահանող խումբն ու  ընթերցողների լայն շրջանակ ունեցող քուվեյթյան «Ալ-Կաբաս», «Ալ-Սիյասա», «Ալ-Անբա», «Ալ-Ռայ», «Ալ-Վատան», «Kuwait Daily», «Arab Times» օրաթերթերի եւ ազգային լրատվամիջոց հանդիսացող «KUNA» լրատվական գործակալության լրագրողները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, նշելով, որ ասուլիսը նվիրված է ՀՀ Անկախության 21-րդ տարելիցին, Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների ընթացքն ու Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ գոյություն ունեցող իրավապայմանագրային բազան, անդրադարձավ առաջիկա ծրագրերին եւ երկկողմ հարաբերությունների բնագավառում նշմարվող տեղաշարժերին: Խոսելով երկկողմ փոխայցելությունների մակարդակի բարձրացման մասին` Ֆ. Չարչօղլյանը նշեց, որ առաջիկայում  նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Քուվեյթի Պետություն, ինչը նոր հարթություն կտեղափոխի հայ-քուվեյթյան  քաղաքական հարաբերությունները: Այս կապակցությամբ կարեւորվեց նաեւ  երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացումը:

Քուվեյթում ՀՀ դեսպանը  լուսաբանեց նաեւ  երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան` խոսելով Հայաստանի եւ Քուվեյթի Պետության ֆինանսական կառույցների միջեւ   համագործակցության խորացման, ներդրումային ծրագրերի եւ նախագծերի, այդ թվում` առեւտրատնտեսական բնույթի համատեղ ձեռնարկությունների հիմնադրման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում կատարված քայլերի եւ ակնկալվող առաջընթացի մասին: Այս համատեքստում կարեւորվեց նաեւ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի հետ համագործակցության ակտիվացումն ու խորացումը: 

Դեսպան Չարչօղլյանը բարձր գնահատեց նաեւ մշակույթի եւ կրթության ու  գիտության ոլորտներում արձանագրված ձեռքբերումները: Նշվեց, որ հաջողությամբ շարունակվում են ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների արաբերեն լեզվի ուսուցման դասընթացները  Քուվեյթի համալսարանում: Ըգծվեց նաեւ, որ այս տարվա ընթացքում, համաձայն պայմանավորվածության, Երեւանում նախատեսվում է Քուվեյթի մշակույթի օրերի անցկացում եւ արաբական հին ձեռագրերի ուսումնասիրման  նպատակով քուվեյթցի փորձագետների խմբի այցելություն Մատենադարան, ինչը նոր շունչ կհաղորդի  մշակութային փոխգործակցությանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին` Քուվեյթում ՀՀ դեսպանը մեկ անգամ եւս ներկայացրեց բուրդապեշտյան գործի մանրամասներն ու Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման ՀՀ նախագահի որոշումը` լրագրողներին ներկայացնելով նաեւ միջազգային հանրության դատապարտող  արձագանքը:

Լրագրողների խնդրանքով դեսպան Չարչօղլյանը խոսեց նաեւ սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության վարած քաղաքականության մասին, լուսաբանեց համաարաբական եւ տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումները:

Ասուլիսի ավարտին Քուվեյթում ՀՀ դեսպանը լրագրողներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 19-ին կայանալիք ՀՀ Անկախության 21-րդ տարելիցին  նվիրված  պետական ընդունելությանը: