Հայաստան ժամանող սիրիահայերը բավական լուրջ խնդիրներ են ունենում՝ կապված հայկական օրենսդրության առջեւ պարտավորութոյւնների կատարման եւ իրենց հնարավորությունների սահմանափակության հետ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ խնդիրները սիրիահայերի կոմից բարձրացվում են ՀՀ սփյուռքի նախարարությունում, որտեղ համապատասխան վարչություններում ենթարկվում են խորքային ուսումնասիրության, քննարկվում եւ առաջարկվում են հնարավոր օպտիմալ լուծումներ: Աստիճանաբար  լուծումներ են տրվել առողջապահության, կրթության, իրավական դաշտի վերաբերող մի շարք առաջնահերթ հարցեր:

Հերթական հարցը, որ բարձրացրեց շուրջ 200 սիրիահայ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ, վերաբերում էր ավտոմեքենաների մաքսավճարներից ազատման հնարավորությանը: Նախարարը լսեց ցամաքային ճանապարհով Հայաստան հասած վարորդներին: Նրանց ներկայացմամբ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ իրենք վերջնականապես չեն հաստատվում Հայաստանում, որպեսզի անձնական գույքը, այդ թվում՝ սեփական ավտոմեքենաները մաքսազերծեն: Քանի որ այս պահին Սիրիա վերադառնալ չեն կարող, սահմանված կարգի համաձայն պետք է կատարվեն մուծումներ, իսկ ժամկետների խախտման պարագայում՝  տուգանքներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը եւս մեկ անգամ հավաստիացրեց ներկաներին, որ նրանց ունեցած բոլոր խնդիրները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ բոլոր գերատեսչությունների  ուշադրության կենտրոնում են, եւ ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է բոլոր խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծումը:  Ուստի սիրիահայերի  մեքենաների մաքսատուրքերի գանձումից ժամանակավորապես ձեռնպահ մնալու վերաբերյալ քայլերն արդեն իսկ ընթացքում են: