Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբեւէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել եւ կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ եւ 60 մահճակալ: Նախակրթարանը Նուբարաշեն վարչական շրջանի միակ մանկապարտեզն է այսօր եւ հնարավորություն է ընձեռում շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթության ու դաստիարակության հարցերը հոգալու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել  Տարոն Մարգարյանին` նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նորոգման եւ հիմնանորոգման հարցը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների շարքում է եւ ծրագրերն էլ լինելու են շարունակական. «Երեւան քաղաքի այս տարվա բյուջեով մենք մանկապարտեզների հիմնանորոգման եւ մասնակի նորոգման աշխատանքներ իրականացրել ենք բոլոր 12 վարչական շրջաններում: Այս գործընթացը լինելու է շարունակական եւ մենք փորձելու ենք առաջիկա տարիների ընթացքում լուծել բոլոր այն մանկապարտեզների խնդիրը, որոնք հիմնանորոգման կարիք ունեն: Ընթացիկ ծրագրերում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նաեւ մանկապարտեզների գույքի թարմացման խնդրին եւ արդեն 2013թ-ի բյուջեում հաշվի կառնվի այդ հանգամանքը եւս»,-նշել է Երեւանի քաղաքապետը, մեկ անգամ եւս ընդգծելով, որ այս տարվա ձմռանը մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատեւ շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ծանոթացել է Այվազովսկի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով շուրջ 2,5 կմ երկարություն ունեցող ճանապարհի երթեւեկելի գոտու հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջովին բարեկարգվում են նաեւ մայթերը, թարմացվում եզրաքարերը: Վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ արդեն ավարտվել է Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը: