Հունգարիայի հայ համայնքն անհրաժեշտ փաստաթղթեր կհավաքի ` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման  վերաբերյալ կառավարության որոշման հետ կապված դատարան դիմելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  Հունգարիայի հայ ազգային  ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը: Նրա խոսքով` արդեն հաջորդ շաբաթ կտրվի գործընթացի մեկնարկը, որում որպես մեղադրանք կնշվի կաշառակերությունն ու լիազորությունների չարաշահումը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը  օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: