Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիան դիմել է Գյուղնախարարությանը` Ռուսաստան թարմ ձուկ արտահանելու արգելքի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ասոցիացիայի կառավարման անդամ, «Յունիֆիշ» ընկերության ղեկավար Արմեն Մկրտչյանը: «Ռուսաստանի պետական մարմինների հետ մենք դեռեւս չենք կապվել, ակնկալում ենք նախարարության օգնությունը` խնդիրը լուծելու հարցում»,-հայտարարել է նա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:
«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն, իսլանդական սառեցված սկումբրիա եւ Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սեւ ցուցակում»:





























