Ֆրանսիական Ալպերում սպանված բրիտանական ընտանիքի գործում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնք հնարավոր է փոխեն հետաքննության ուղղությունը։ Լրտեսական ֆիմի սցենար հիշեցնող իրական սպանության քննիչների հայտնաբերած նոր փաստերով հնարավոր է ստացվի, որ մարդասպանները ոչ թե ցանկացել են սպանել աերոտիեզերական ոլորտի մասնագետ Սաադ ալ Հիլլիին ընտանիքով հանդերձ, այլ հենց Սիլվեն Մոլյերին, ով գործով մինչեւ այս համարվում էր պատահական զոհ։ Պարզվել է, որ հեծանվասպորտի սիրահար Մոլյերն իրականում միջուկային վառելիքի մետաղական կոնտեյներներ պատրաստող Areva Group-ի Cezus մասնաճյուղի աշխատակից էր։

Հիշեցնենք, որ Areva Group-ին 2007թ-ին մեղադրում էին Իրանին հարստացված ուրան տրամադրելու մեջ։ Դա արվել է՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով։

Սարսափելի սպանությունից անցել է 2 շաբաթ, սակայն ոստիկանությունը դեռեւս չի կարողանում սպանության մոտիվները պարզել եւ գտնել կասկածյալներին։ Սպանության ականատեսներ, Սաադ ալ Հիլլիին երկու դուստրերից 7-ամյա Զեյնաբը ոչնչով չի կարող օգնել, որովհետեւ մարդասպանները ատրճանակի բռնակով կոտրել են նրա գանգը, ինչից աղջիկը կուրացել է։ Իսկ 4-ամյա Զինան 9 ժամ պառկած է մնացել մեքենայի մեջ՝ մոր դիակի տակ, մինչեւ ոստիկանությունը հայտնաբերել է նրան։

Կասկածներ կան, որ Սաադ ալ Հիլլին Իրաքի օգտին լրտեսությամբ է զբաղվել։

Կրիմինալիստները պարզել են, որ սպանության գործիքը 7,65 մմ կալիբրով հրազենն է եղել։ Նշվում է, որ «այն հնացած զենք է, սակայն որոշ երկրների հատուկ ծառայություններ դեռեւս օգտագործում են»։