NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «The Huffington Post» կայքում հրապարակված նյույորքցի գորղ, ռեժիսոր, թարգմանիչ Քրիստոֆեր Ատամյանի հոդվածը.
Հունգարիայի կառավարությունը վարչապետ Վիկտոր Օրբանտի ուղղակի կարգադրությամբ օգոստոսի 31-ին Բաքվին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Օրբանը նախ հայտարարեց, թե արտահանձնումը կատարել է այն պայմանով, որ դատապարտյալը մնացած պատիժը պետք է շարունակեր կրել հայրենիքում: Ավելի ուշ հայտարարություններում Օրբանը խոստովանեց, որ ոչ միայն արտահանձնման համաձայնագիրն անձամբ է ստորագրել, այլ իրեն բազմիցս են զգուշացրել, որ եթե Սաֆարովը արտահնձնվի, նրան Ադրբեջանում ներում կշնորհեն:
Սաֆարովի ներումը ետ է մղում Կովկասում խաղաղության որոնումը, քանի որ դա ուղղակի սադրանք է Հայաստանի դեմ եւ մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության վերսկսման հնարավորությունը:
Սաֆարովի բարբարոսական արարքը` ատելության հողի վրա կատարված հանցագործությունը պետք է մարդկության պատմության «աղբանոցում» տեղ գտնի: Միաժամանակ, Սաֆարովի միջադեպից մի քանի տարի անց Թուրքիայում Հրանտ Դինքի, իսկ հետո` հայազգի զինծառայող Սեւակ Բալըկչիի սպանություններից կարող ենք միայն եզրակացնել, որ հայերի նկատմամբ շարունակական ատելությունը, որը քարոզվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում դպրոցական դասագրքերում եւ լրատվամիջոցներով, անում է իր գործը` բորբոքելով էթնիկ եւ կրոնական ատելության կրակը:
ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, միջազգային այլ կազմակերպությունները պետք է բոլոր հնարավոր ճնշումները գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի նա կատարի Հունգարիայի հետ իր համաձայնագիրը եւ Սաֆարովին վերադարձնի այնտեղ, որտեղ նա պետք է կրի իր պատիժը: Վարչապետ Օրբանը, ով Սաֆարովին օգտագործեց որպես վարկային երաշխիք, պետք է հասկանա իր գործողությունների ծանր հետեւանքներն ու իր բարոյական սնանկությունը եւ անհապաղ հրաժարական տա:




























