Հայաստանի նախագահի լուրջ մտադրությունը պետգնումների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում շատ կարեւոր է: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսագետ, «Այլընտանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը`մեկնաբանելով Հայաստանի կառավարությունում նախագահի կողմից սեպտեմբերի 15-ին անցկացված խորհրդակցությունը:
«Պետության վերահսկողական եւ կարգավորիչ գործառույթները չպետք է ետին պլան մղվեն: Շուկայական տնտեսության պայմաններում պետության դերը չպետք է թուլանա. դա կարող է ապակայունացնել տնտեսությունը»,-հայտարարեց Թ. Մանասերյանը: Պետգնումների դեպքում չարաշահումները հանգեցնում են պետական մարմինների հետ բիզնեսի սերտաճմանը: «Ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել նախագահի ելույթի երկրորդ մասին. թող տպավորություն չստեղծվի, թե պետությունը պարզապես ցանկանում է մեղավորներ գտնել: Շատ կարեւոր է, որ նախագահը ցանկանում է ձեռքը դնել իրադարձությունների զարգացման զարկերակին»,-ավելացրեց Թ. Մանասերյանը: «Սակայն մյուս կողմից միայն նախագահի ջանքերը բավարար չեն: Անհրաժեշտ է աշխատանք բոլոր մակարդակներում, կոշտ, սակայն, օրինական պատժամիջոցներ` խախտում թույլ տվողների նկատմամբ»,-ավելացրեց նա:
Միայն այդպես հնարավոր կլինի պետական պաշտոնյաների եւ բիզնեսի միջեւ իրավունքների եւ պատասխանատվության հավասարակշռություն ստեղծել: Նման մեխանիզմի թերությունը, ըստ նրա, դրսեւորվում է Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններում, որը ստուգումներ է անցկացրել եւ հայտարարել է թերությունների մասին, սակայն իրավապահ մարմինների կողմից քրեական գործերի հարուցման մասին քիչ բան է ասվել:




























