Հայաստանում սեպտեմբերի 19-ի առավոտյան սկսվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2012» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Դրանք տեղի են ունենում Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում (ֆոտոռեպորտաժ):
Զորավարժությունների ընթացքին հետեւում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր:
Զորավարժություններն սկսվել են սեպտեմբերի 15-ի առավոտյան, զորահրամանատարն է գեներալ-մայոր Կամո Քոչունցը:Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ 6 երկրների ուժային կառույցների 2 հազար մասնակից, բացի զինվորականներից դրանք ԱԻՆ-ի, հատուկ ծառայությունների, ոստիկանության ներկայացուցիչներ են: Զորավարժություններում առաջին անգամ մասնակցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Առաջին անգամ այս զորավարժություններում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր: Ըստ զորավարժությունների սցենարի`Հայաստանի տարածքը բաժանված է 3 մասի, մի մասում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ երկիրն ստիպված օգնության է դիմում ՀԱՊԿ-ին: Ի պատասխան` ՀԱՊԿ-ն իր ուժերն է գործադրում:
Զորավարժությունները տեղի են ունենում 2012 թվականի ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորման արագ եւ մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների ծրագրին համապատասխան:





























