ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ավարտում է  իր գործունեությունը Ռուսաստանում: Այդպիսին է Ռուսաստանի կառավարության որոշումը, նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թեեւ USAID-ի ֆիզիկական ներկայությունը Ռուսաստանում մոտենում է ավարտին, սակայն մենք նախկինի պես նվիրված ենք ժողովրդավարության աջակցության,  մարդու իրավունքների եւ առողջ քաղաքացիական հասարակության խնդիրներին: Մենք կձգտենք շարունակել համագործակցությունը ռուսաստանյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,-նշվում է փաստաթղթում:

Որոշ վերլուծաբանների կարծիքով` USAID-ի գործունեության դադարեցման մասին որոշումը պայմանավորված է ամերիկյան ֆինանսավորում ստացող միջազգային կազմակերպությունների նկատմամբ ռուսաստանյան իշխանությունների թշնամական վերաբերմունքով:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու է Ռուսաստանը նման որոշում  կայացրել` խորհուրդ տալով դիմել Ռուսաստանի իշխանություններին: