ՄԱԿ-ի ԳԱ-ն Նյու Յորքում 67-րդ նստաշրջանի աշխատանքն սկսել է 10 րոպե ուշացումով: ԳԱ-ի ներկայացուցիչ, սերբ Վուկ Երեմիչը պատվիրակների ծափահարությունների ներքո երեք անգամ մուրճով հարվածել է` ամենամյա նստաշրջանը հայտարարելով բացված:

Դրանից հետո հայտարարվել է մեկ րոպե լռություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երեմիչը հայտարարել է, որ հակամարտությունների կայունացումը խաղաղ ճանապարհով կլինի  նստաշրջանի աշխատանքի հիմնական սկզբունքը:  Նիստի օրակարգի գլխավոր հարցը նա հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարը:  

Սեպտեմբերի 25-29-ը ԳԱ-ի շրջանակներում նախատեսված է ընդհանուր քաղաքական  քննարկում տարբեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների մասնակցությամբ:

Ինչպես նախապես հաղորդվել էր, նստաշրջանի գլխավոր թեմաներից պետք է լիներ իրադրությունը Մերձավոր Արեւելքում, այդ թվում նաեւ Սիրիայում: Սեպտեմբերի 26-ին ԱԽ-ն մտադիր է նախարարական հանդիպում անցկացնել, որտեղ կքննարկվի սիրիական իրավիճակը: Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ԱԽ-ին կտեղեկացնի Դամասկոսում իր վերջին կապերի մասին եւ հավանաբար կառաջարկի ճգնաժամից դուրս գալու իր  ծրագիրը, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Նստաշրջանիօրակարգում ընդգրկված են նաեւ իրադրությունն Աֆղանստանում, ԱՄՆ-ի կողմից  Կուբայի շրջափակման  վերացումը, ալմաստների դերը հակամարտություններ հրահրելիս եւ իրադրությունը Աֆրիկայի թեժ կետերում` Սոմալիում, Սուդանում եւ Մալիում: