Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ ընդդիմադիրՔսենիա Սոբչակը հայտարարել է, որ իշխանությունները իրեն պատժում են 2011-12 թթ. բողոքի ակցիաներին մասնակցելու համար: CNN-ի հետ հարցազրույցում նա պատմել է, որ իրենից ապօրինաբար խլել են 1 միլիոն դոլարից ավելի:
Ըստ նրա` Ռուսաստանում իրավապահ համակարգը արհամարհում է արդարադատությունը: Ընդդիմադիրների դեմ ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել, որը կարդարացներ գումարների առգրավումը: Բացի այդ, այդ գործով քրեական հետաքննություն չի տարվում:
Սոբչակը իրադրությունը որակում է որպես «անհեթեթ»: Ըստ աղջկա` ինքը հասցրել է 2 հայց ներկայացնել, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել իրավապահներից, գրում է rbc-ն:
CNN-ի թղթակցի հարցին, թե ինչու է Սոբչակը այդքան մեծ գումար պահել տանը, պատասխանել է, որ խոսքը Ռուսաստանում ընդունված պրակտիկայի մասին է: «Ժամանակակից պատմության մեջ 2 դեպք է եղել, երբ բանկային համակարգը չի վերադարձրել փողերը քաղաքացիներին: Եւ դա դեմոկրատիայի ժամանակակից փուլում է եղել», - բացատրել է նա:
Սոբչակը հայտարարել է, որ ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են ձեռքբերված միջոցների օրինական բնույթը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիրների բնակարաններում խուզարկությունները տեղի էին ունեցել «Միլիոնների երթի» նախօրեին, որը տեղի էր ունեցել հունիսի 12-ին: Սոբչակից նշանակալի գումարի հետ առգրավել էին նաեւ արտասահմանյան անձնագիրը, որը նրան էր վերադարձվել մի քանի օր անց:





























