Թուրքիայի Բիթլիս նահանգի պաշտոնյաների կողմից Վանա լճի անունը Դատվանի ծով, Ահլաթի լիճ կամ Բիթլիս Վանի լիճ անվանելու առաջարկները խիստ անհանգստացրել են Վանի փոխքաղաքապետին եւ Վան նահանգի այլ պաշտոնյաների:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի փոխքաղաքապետ Սաբրի Աբին հայտարարել է, թե շատ սխալ է Վանա լճի անունը դնել Դատվանի ծով կամ Բիթլիսցիների առաջարկած մյուս անունները, քանի որ հնուց ի վեր լճի անունը հայտնի է որպես Վանա լիճ եւ բոլոր զբոսաշրջիկները գալիս են տեսնելու հենց Վանա լիճը: Նա կոչ է արել Բիթլիս նահանգի պաշտոնյաներին՝ Վանա լճի անունը փոխելու փոխարեն Վանա լճի պահպանությամբ զբաղվել:

Վանա լճի եւ շրջակայքի պահպանության վարչության պետ Ալի Չավդարը եւս հակադարձել է բիթլիսցիներին՝ հիշեցնելով, որ ամենակեղտոտ ափերը գտնվում են Բիլթլիսի նահանգում, իսկ բիթլիսցիներն այն պահպանելու փոխարեն անունն են ուզում փոխել:

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրզիմի նախարարի՝ Բիթլիս նահանգ կատարած այցի ժամանակ նրան առաջարկել են Վանա լճի անունը փոխել, որին նախարարը դրական է պատասխանել: Բիթլիսի պաշտոնյաների պատճառաբանությունն այն է, թե օսմանական արխիվներից մեկում Վանա լճի անունը նշված է որպես Դատվանի ծով:

Հիշեցնենք, որ Վանա լճի ջրերը գտնվում են Վան եւ Բիթլիս նահանգներում: