Թբիլիսիում սեպտեմբերի 19-ի գիշերը միաժամանակ բողոքի երկու ցույցեր էին, պատճառը Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն էր, որի տեսագրությունը հանրությանը հասանելի էր դարձել:

Ցույցերը տեղի էին ունենում Թբիլիսիի կենտրոնում` Գլդանի բանտի մոտ, գրում է «Նովոստի Գռուզիան»: Կեսգիշերին մոտ քաղաքի կենտրոնում երթեւեկությունը մոտ 2 ժամ կաթվածահար վիճակում է եղել:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բանտում բացահայտվել են բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի փաստեր, ձերբակալվել են բանտի երեք աշխատակիցներ, մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Երեկոյան «Մաեստրո» եւ «Իններորդ ալիք»  հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատիժների կատարման նախարար Խաթունա Կալմախելիձեն, գրում է gazeta.ru-ն:

Վրաստանի օմբուդսմենը կոչ է  արել պատասխանատվության ենթարկել վերոնշյալ նախարարներին:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ գործում խառն է Թամազ Թամազաշվիլին` Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներից: Բիձինա Իվանիշվիլին դա սադրանք է անվանել եւ նշել, որ Թամազաշվիլին չէր կարող մասնակից լինել:

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:

Միխայիլ Սահակաշվիլին կատարվածի կապակցությամբ հայտարարություն է տարածել`ասելով. «Այն, ինչ կատարվել է Գլդանի բանտում, վրդովեցուցիչ է` ուղղված մարդու արժանիքների եւ իրավունքների դեմ: Դա կազմակերպողները, կատարողները եւ թույլ տվողները արժանի են ամենախիստ պատժին, եւ նրանք բոլորը կկրեն այդ պատիժը», – մեջբերել է «Ինտերֆաքսը»: